«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Ֆրանսիայի 15 քաղաքապետեր ճանաչել են ԼՂՀ-ն և կառավարությանն ու այլ երկրներին ճանաչելու կոչ արել

Ֆրանսիայի 15 քաղաքապետեր ճանաչել են ԼՂՀ-ն և կառավարությանն ու այլ երկրներին ճանաչելու կոչ արել
18.11.2020 | 13:08

Ֆրանսիայի 15 քաղաքապետեր հայտարարությամբ ճանաչել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ֆրանսիայի կառավարությանը և միջազգային հանրությանն այն նույնպես ճանաչելու կոչ արել.

«2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը կրկին բորբոքեց 1994թ․-ից ի վեր անկայուն հրադադարով սառեցված Ղարաբաղյան հակամարտությունը՝ լայնամասշտաբ և աննախադեպ ուժգնությամբ հարձակում սկսելով ինքնորոշված հանրապետության դեմ:
Ադրբեջանական բանակը, որի կազմում ներգրավված էին Սիրիայում ջիհադիստական խմբերում ծառայած վարձկաններ, մարդասիրական ճգնաժամ առաջացրեց Լեռնային Ղարաբաղում (Արցախում), որն ուղեկցվեց զինված հակամարտության միջազգային կոնվենցիաների լուրջ խախտումներով: Ռմբակոծվել են ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտը, այնպես էլ սահմանամերձ համայնքները: Այդ ռմբակոծությունների զոհ են դարձել բազմաթիվ խաղաղ բնակիչներ և արտաքսման ենթարկվել հազարավոր արցախցիներ:


Նոյեմբերի 10-ի կեսգիշերին՝ 44-օրյա արյունալի մարտերից հետո, Ռուսաստանի իշխանությունների հովանու ներքո ստորագրված հրադադարի համաձայնագիրն ուժի մեջ մտավ՝ ֆիքսելով հակամարտության կողմերի դիրքերը: Չնայած, որ այդ համաձայնագրի վերջնական դրույթներն ամենևին էլ գոհացուցիչ չեն, դրանք օգնում են առնվազն փրկել կյանքեր երկու կողմերից: Տարածքային կորուստները, այնուամենայնիվ, կարող են հանգեցնել ծայրահեղ վատ իրավիճակի՝ Արցախի բազմահազարամյա ժառանգության, 4-րդ, 8-րդ կամ 10-րդ դարի նրա հարյուրավոր վանքերի և եկեղեցիների պահպանման հարցում… Այդ առումով, Արցախի երկրորդ քաղաք Շուշիի անկումը հղի է Արցախի ժողովրդին սեփական պատմական հիշողությունից զրկելու վտանգով՝ նկատի առնելով բոլոր աննախադեպ ավերումները, որ իրականացվել են քաղաքում, այդ թվում` վերջերս վերանորոգված Ղազանչեցոց եկեղեցու նկատմամբ:


Այսուհետ, մեր պարտքն է այլևս չթաքնվել զգուշավոր չեզոքության հետևում, ինչը նշանակում է հավանություն տալ ադրբեջանական ագրեսիային։ Մենք պետք է վերահաստատենք մեր ողջ զորակցությունը բարեկամ ժողովրդին՝ սատարելով հայ բնակչության վերադարձին իրենց պապենական հողեր:
1991-ի սեպտեմբերի 2-ին իր անկախության հռչակումից ի վեր, որը ամրագրվել է 1991-ի դեկտեմբերի 10-ին լայնորեն կողմ քվեարկած ինքնորոշման հանրաքվեով, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը սեփական ժողովրդի համար մշտապես երաշխավորել է ինստիտուցիոնալ կայունություն՝ երբևէ չվիճարկված ժողովրդավարական հիմքերով, տարածքային ամբողջականություն և պաշտպանություն, ինչպես նաև տնտեսական և մշակութային բարգավաճում:


Ամբողջացնելով միջազգային հանրային իրավունքով ընդունված պետության բոլոր բաղադրիչները՝ տարածք, բնակչություն, ինքնիշխանության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախը) այսուհետ պետք է համարվի, որպես այդպիսին, իրավունքի սուբյեկտ՝ օժտված ինքնիշխանությամբ, որն օրինականորեն մարմնավորում է Արցախի ժողովրդին: Արցախի պետության տարածքում համախմբված ժողովուրդը արմատապես կապված է իր նախնիների հողին, ընդհանուր լեզվով, միասնական պատմությամբ, ժառանգած մշակույթով և դավանած կրոնով: Հաշվի առնելով այս որոշիչ տարրերը` Արցախի անկախությունը մեզ ավելի քան երբևէ թվում է իրավական առումով ուժեղ, օրինական և արդար:


Ֆրանսիան, որը հավասարակշռված քաղաքականություն վարող գերտերություն է, հազարամյա բարեկամական կապեր ունի Հայաստանի հետ և ավելի քան 100 տարուց ի վեր պատմական և համընդհանուր պատասխանատվություն է կրում այն ցեղասպանության նկատմամբ, որի զոհ դարձավ հայ ժողովուրդը 1915 թ․-ին: Այս բարեկամությունն իր արտահայտումն է գտնում այն հարաբերություններում, որոնք երկար տարիներ ի վեր գոյություն ունեն մեր քաղաքների ու շրջանների և Հայաստանի կամ Արցախի համայնքների միջև:
Հետևաբար, մենք՝ այս կոչը ստորագրած քաղաքապետերս և տեղական ընտրված ներկայացուցիչներս, ճանաչելով Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը՝ հանուն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, որպես նրա բնակիչների անվտանգության երաշխավորման և դեռևս Արցախին սպառնացող էթնիկական զտումների կանխարգելման միակ արդյունավետ միջոց, այսօր կոչ ենք անում միջազգային հանրությանն այս ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ:


Այս ամենից ելնելով՝ մենք առաջին հերթին հորդորում ենք Ֆրանսիայի կառավարությանը դուրս գալ իր բարեհաճ չեզոքությունից՝ ճանաչելով Արցախը, և աջակցել Հարավային Կովկասում արդար և կայուն իրավիճակի հաստատմանն ուղղված խաղաղ գործընթացին, որը կհարգի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքները՝ հանդիսանալով տրամաբանական և արդյունավետ քայլ դեպի Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորում»,- ասվում է Ֆրանսիայի 15 քաղաքապետերի հայտարարության մեջ:
Հայտարարությունը ստորագրել են.


– Նիկոլա Դարագոնը, Վալանսի (Դրոմ) քաղաքապետ,
– Լորանս Ֆոտրան, Դեսինի քաղաքապետ (Ռոն),
– Թիերի Կովակսը, Վիենի քաղաքապետ (Իզեր),
– Էրվե Ռեյնոն, Սոն Շամոնի քաղաքապետ (Լուար),
– Ֆիլիպ Մարինին, Կոմպիեյնի քաղաքապետ (Ուազ),
– Ռիշար Մալիեն, Բուկ-Բել-Էրի քաղաքապետ (Բուշ-դյու-Ռոն),
– Միշել Ամիելը, Լե Պեն-Միրաբոյի քաղաքապետ (Բուշ-դյու-Ռոն),
– Ժան-Ժակ Գիյեն, Շավիյի քաղաքապետ (Օ-դը-Սեն),
– Լյուկ Կարվունասը, Ալֆորվիլի քաղաքապետ (Օ-դը-Սեն),
– Մոդ Տալեն, Շան-սյուղ-Մաղնի քաղաքապետ (Սեն-է-Մաղն),
– Մարի-Էլեն Թողավալը, Ռոման-սյուղ-Իզեղի քաղաքապետ (Դրոմ),
– Մարլեն Մուրիեն, Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետ (Դրոմ),
– Նատալի Նիեզոնը, Բուրգ-դը-Պեաժի քաղաքապետ (Դրոմ),
– Կրիստիան Գոտիեն, Շատյուզանժ-լը-Գուբե քաղաքապետ (Դրոմ),
– Սիլվի Գոշեն, Գիլերան-Գրանժի քաղաքապետ (Արդեշ)։

Դիտվել է՝ 2141

Մեկնաբանություններ